Սպառողներն իրավունք ունեն գազի կետերի վերաբերյալ համարժեք նորմալ սպասարկում պահանջել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարեն Չիլինգարյանը:
Նա հիշեցրել է, որ 2015-ից «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության կողմից փոխվել է գազի կետերի տեխնիկական սպասարկման վճարման կարգը: Եթե նախկինում վարպետի այցի համար պետք էր վճարել ամեն ամիս, իսկ ստուգումներն անցկացվում էին տարին երկու անգամ, հիմա պետք է վճարել միայն տարեկան երկու անգամ եւ միայն ստուգմանը հաջորդող ամսին:
«Մեր կարծիքով, դա շատ ճիշտ է: Քանի դեռ քեզ չեն սպասարկել, դու չես վճարում»,-հավելել է Չիլինգարյանը:
Այն բնակարանները, որտեղ գազի կետերը ստուգվել են 2014-ի հոկտեմբեր-դեկտեմբերի համար, փաստացի վճարը պետք է վերաբերի հերթական կիսամյակին (մինչեւ ապրիլի 1-ը):
«Մենք համարում ենք, որ բաժանորդները լրիվ իրավունք ունեն բողոքել «Էյ Ի Ջի» ընկերությանը, եթե սպասարկումը դեռ չեն ստացել, իսկ վճարն արդեն պահանջում են»,-ասել է Չիլինգարյանը:





























