Ինչ որոշում էլ որ կայացնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, այն ավելի հավասարակշիռ է լինելու, քան 2013թ. դեկտեմբերին ընդունված որոշումը։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է ԵՊՀ Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը։
Մասնագետը չի կիսում այն կարծիքը, թե ՄԻԵԴ-ը քաղաքական որոշում է կայացնում։ «Իհարկե քաղաքականությունը կարող է ինչ-որ կերպ ազդել, սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ ՄԻԵԴ-ը լուրջ կառույց է, որի նախադեպային իրավունք գործում է գրեթե ողջ Եվրոպայում։ Եվ որոշումներ կայացնել՝ ելնելով այս կամ այն քաղաքական շահերից, այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից»,- նշել է Քոչարյանը։
Անդրադառնալով նշված գործով դատական գործընթացին՝ մասնագետը կոչ է արել իրար չխառնել երկու կարեւոր հանգամանք. «Գոյութուն ունի իրավական դիրքորոշում, որն արտահայտում է պետության մոտեցումը, եւ բանավոր լսումների փուլը, երբ կողմերը բանավոր կերպով ներկայացնում են մոտեցումները, որոնք թերի են եւ չեն կարող արտահայտել պետության դիրքորոշումը։ Չպետք է մոռանալ, որ հայկական տեսակետը պաշտպանում է նաեւ դատական գործընթացի հիմնական մասնակիցը՝ Շվեյցարիայի Կառավարությունը։ Մեր ներկայացուցիչների բանավոր ելույթում հիմնական շեշտադրումը դրվել է Հայոց ցեղասպանության վրա։ Սակայն դատական գործընթացի խնդիրը անմիջապես Հայոց ցեղասպանությունը չէ։ Այն վերաբերում է խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը։ Միաժամանակ պարզ է, որ թուրքական քարոզչամեքենան կփորձի այդ ամենը ծառայեցնել սեփական նպատակներին»,- եզրափակել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ստրասբուրգում մեկնարկել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես երրորդ կողմ:
2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։
Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։
Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։





























