Խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ընդլայնումը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այլեւ բարձրացնել դրանց կաթնատվությունն ու մսատվությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, հայտարարել է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:

Խոսելով անասնապահական ոլորտում մարզի վերջին տարիների հաջողությունների մասին` նախարարն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունավետությանը, որի շրջանակում ներկրվում եւ տարաժամկետ վճարման պայմաններով տնտեսվարող սուբյեկտներին  են տրամադրվում  համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին եւ կաթնամսատու` շվից եւ սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ` դրանցից տոհմային նախիրներ ձեւավորելու եւ տեղում սերունդ ստանալու միջոցով այդ ցեղերի վերարտադրությունը կազմակերպելու միջոցով:

Նախարարը շեշտել է նաեւ խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների ընդլայնման կարեւորությունը, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այլեւ բարձրացնել դրանց կաթնատվությունն ու մսատվությունը:

Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրին` նախարարը կարեւորել է նրա շրջանակներում իրականացվող  անասնահակահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումները` ընդգծելով որ այս տարի նույնպես հանրապետության ողջ տարածքում անասնաբուժական միջոցառումները կիրականացվեն անվճար հիմունքներով:

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգեւատրվեց Կոտայքի մարզի «Մավաս» Գրուպ ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Արմենակ Մկրտչյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր: