Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովն իր   ընդունած՝ «Օսմանյան Թուքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» օրենքի նախագիծում եզդիների ցեղասպանությունը չներառելով արհամահական վերաբերմունք է ցուցաբերում նրանց  նկատմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Աղբալյանը՝ նշելով, որ իրենք չեն ընդունում այդպես վարվելու՝ օրինագծի համահեղինակների պատճառաբանությունները:

«Ըստ այդ նախագծի համահեղինակների, որոնցից մեկը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է, եզդիների ցեղասպանության մասին կոնկրետ պատմական արխիվային փաստաթղթեր չկան, որպեսզի այն նույնպես ներառվի այդ օրինագծի մեջ: Նրանք իրենց լուրջ պատմաբաններ են համարում եւ հպարտանում են՝ փոխանակ ամաչեն: Եզդիների մասին ցայտուն արխիվային նյութեր եւ փաստարկներ կան, եւ նրանք, որպես պատմաբաներ, պարտավոր էին այդ մասին իմանալ»,-ասաց Սաիդ Աղբալյանը:

Սաիդ Աղբալյանի կարծիքով՝ օրինագծում իրենց ազգի ցեղասպանությունը ներառելը ձեռնտու չէր լինի ՀՀ իշխանություններին. «Այդ նախագծով պետք է դատապարտվի նաեւ Իրաքում եզդիների ցեղասպանությունը, որը խաթարելու էր Հայաստանի եւ Քուրդիստանի միջեւ հարաբերությունները»:

Սաիդ Աղբալյանը հավաստիացրեց, որ իրենք կներկայացնեն եզդիների ցեղասպանության մասին վկայող բոլոր արխիվային նյութերը եւ օրինագծի համահեղինակներին, այլեւ ԱԺ բոլոր պատգամավորներին: Նրա խոսքով՝ եզդի համայնքը կդիմի նաեւ բղոքի ակցիաների՝ խնդիրը բարձրացնելու համար:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առաջ էր քաշել «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» օրենքի նախագիծը, որը  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չէր ընդունել: Դրա փոխարեն փետրվարրի 16-ին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ մի քանի այլ պատգամավորների առաջ քաշած մեկ այլ նախագիծ, որում ներառված չէ եզդիների ցեղասպանությունը: