Ֆրանսիայի ոստիկանությունը փետրվարի սկզբին Մարսելում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել է եւս երկու հոգու։ Կասկածյալները ձերբակալվել են փետրվարի 19-ին Ֆրանսիայի  մայրաքաղաքի շրջանի  Սենա Սեն Դենի դեպարտամենտում։

Մի քանի օր առաջ այնտեղ ձերբակալվել էին փոխհրաձգության մեջ կասկածվող եւս երկու հոգի։  Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել կազմակերպված խմբավորման կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների  հանդեպ սպանության փորձ կատարելու համար։

Ոստիկանության իրականացրած գործողություններին արդյունքում առգրավվել է Կալաշնիկով տեսակի 7 ինքնաձիգ եւ մի քանի կգ թմրանյութ։ Դեպքի վայրից ոչ շատ հեռու կայանած էր կեղծ համարներով BMW մակնիշի մեքենա, որի մեջ հայտնաբերել էին 2 հրացան, 40 փամփուշտ, եւ մեկ զրահաբաճկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP գործակալությանը։

Հիշեցնենք, որ Մարսելում հրաձգությունը տեղի էր ունեցել Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի այցի նախօրեին։