Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը ժողովրդին ոչինչ չի տվել՝ բացի խորը հիասթափությունից: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե եռյակ այլեւս գոյություն չունի:
«Եռյակը, որ միացավ, ինչ-որ փոփոխություն եղա՞վ: Կարծում եմ՝ չեղավ: Եթե եղավ, ի՞նչ տվեց եռյակը ժողովրդին՝ բացի խորը հիասթափությունից: Ըստ իս՝ այս ձեւաչափերի մեջ քիչ թե շատ քառյակ է գոյություն ունեցել, որովհետեւ համակարգված գործունեություն է ծավալել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ քառյակն այս ընթացքում մի քանի նախագծեր է ներկայացրել Ազգային ժողով, արդյունքներ գրանցել: Պատգամավորը հիշեց քառյակի՝ կուտակայինի հարցով Սահմանադրական դատարան դիմելը:
«Իսկ եռյակի դեպքում մենք գործ ունեինք երեք տարբեր կարծիքների, մոտեցումների հետ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ փետրվարի 20-ին կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական եռյակ գոյություն չունի:





























