Առնվազն 23 մարդ է մահացել ԱՄՆ արեւելյան շրջաններում արդեն մի քանի օր շարունակվող խիստ սառնամանիքի պատճառով։ Ավելի  վաղ տեղական լրատվամիջոցները հայտնում էին 19 զոհի մասին։

Մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են Թեննեսի նահանգում։ Ընդ որում, մահվան պատճառ է հանդիսացել ոչ  միայն սառնամանիքը, այլ մերկասառույցի պատճառով ճանապարհներին տեղի ունեցած ՃՏՊ-ները։ Թեննեսիի գրեթե 3 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի լարերի սառցակալման պատճառով։

ԱՄՆ շատ քաղաքներում այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում եւ Փիթսբուրգում ուրբաթ ջերմաստիճանը ռեկորդային անկում է գրանցել։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մինեսոտա նահանգի Էմբարաս քաղաքում, որտեղ սնդիկի սյունը ցույց է տվել – 40 աստիճան, գրում է ՏԱՍՍ-ը ։

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ խիստ սառնամանիքը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ։ Մոտ օրերս վատ եղանակային պայմանների գոտում կհայտնվի ԱՄՆ 27 նահանգների 115 մլն մարդ։