Ղրղըզստանի «Սեբաթ» լիցեյում մատուցած նախաճաշից թունավորվել է կրտսեր դասարանների (1-5 դասարան) 57 երեխա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղըզստանի հիվանդությունների կանխարգելման եւ պետական սանիտարահամաճարակային կայանի դեպարտամենտի տարածած հայտարարությունը։
Առաջին տուժածները դիմել են բուժկետ տեղական ժամանակով ժամը 11։00-ին եւ գանգատվել են փորացավից ու սրտախառնոցից։
«Երեք ժամ անց բուժկետ դիմած աշակերտների թիվն արդեն հասել էր 57-ի։ Նրանցից 12-ը ուղղվել են Տոկմոկսկի ինֆեկցիոն հիվանդանոց։ Տուժածների վիճակը գնահատվում է բավարար։
Նախնական հետաքննությունն ապացուցել է, որ թուրքական լիցեյը անցյալ տարվա սեպտեմբերից գործում էր առանց հիվանդությունների կանխարգելման եւ պետական սանիտարահամաճարակային կայանի դեպարտամենտի հետ ունեցած համաձայնության։ Ստուգումների արդյունքում սննդի բլոկի սանիտարահիգիենիկ վիճակը գնահատվել է անբավարար։ Մասնավորապես չեն պահպանվել սանիտարական նորմերի պահանջները։ Տարվում է հետաքննություն»,- հայտարարել են գերատեսչությունում ։
Նախնական վարկածի համաձայն՝ սննդային թունավորման պատճառ են դարձել կաթն ու կաթնաշոռը։ Լաբորատոր ստուգման է ուղարկվել եւ 4 սննդամթերք։


























