Դոլարից հետո Ադրբեջանում այսօր ավելի քան 33 տոկոսով թանկացել են եվրոն եւ ռուբլին։ Համաձայն երկրի Կենտրոնական  բանկի հայտարարության՝ ազգային արժույթի փոխարժեքը եվրոյի համեմատ սահմանվել է 1.19 մանաթ 1 եվրոյի դիմաց (փետրվարի 20-ին 1 եվրոն արժեր 0.89 մանաթ)։ Ռուբլու փոխարժեքը մեկ ռուբլու դիմաց կազմել է 0.017 մանաթ (փետրվարի 20-ին 1 ռուբլին արժեր 0.013 մանաթ)։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը շաբաթ օրը երկրի ազգային արժույթը վաճառում էր մեկ դոլարի դիմաց 1.05 մանաթ փոխարժեքով։

«Այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիայի, միջազգային մրցունակության, արտադրական ներուժի եւ վճարային հաշվեկշռի կայունության ապահովման համար»,- ասված է ԿԲ հայտարարության մեջ, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Փետրվարի 16-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հրաժարվում է այդ երկրի ազգային արժույթը համապատասխանեցնել ԱՄՆ-ի դոլարին եւ անցում է կատարում երկարժույթ զամբյուղի քաղաքականությանը (եվրո եւ դոլար)։ Ընդ որում ԿԲ-ն չէր նշել, թե երկարժույթ զամբյուղում ինչպես են բաշխվելու դոլարի եւ եվրոյի մասնաբաժինները։