Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը վստահ է, որ սահմանապահները պատվով կկատարեն իրենց առջեւ դրված հանձնարարությունները։

Փետրվարի 21-ին Արմավիրի սահմանապահ ջոկատում երդմնակալության արարողության ժամանակ ունեցած իր ելույթում գեներալ մայորը շնորհակալություն է հայտնել  նորակոչիկների ծնողներին որդիների մեջ հայրենասիրություն սերմանելու համար։ «Հայկական ընտանիքներում առաջին տեղում միշտ եղել է հայրենասիրությունն ու հավատարմությունը»,- ընդգծել է Վյաչեսլավ Բիրյուկովը։

Սահմանային վարչության պետը վստահություն է հայտնել, որ սահմանապահները պատվով կպաշտպանեն Հայաստանի եւ ԱՊՀ արտաքին սահմանները։

2015թ. երկու կարեւոր իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի ֆոնին Բիրյուկովը կոչ է արել սահմանապահներին հատկապես զգոն լինել եւ ընդգծել է, որ ոչ մի սադրանք անպատիժ չի մնալու։  «Նրանք, ովքեր սադրիչ գործողությունների դիմելու հույսեր են փայփայում, պետք է հաստատ իմանան, որ ոչ մի նման քայլ նրանց չի հաջողվի»,- հայտարարել է գեներալ մայոր Բիրյուկովը։