Հնդկաստանի Նավթի եւ բնական գազի նախարարության երկու պաշտոնյա իրենց 5 հանցակիցների հետ 100 մլրդ ռուփի (1.6 մլրդ դոլար) են ստացել լրտեսության եւ գաղտնի տեղեկություններ գողանալու համար։ Չարագործները գիշերը նախարարությունից դուրս են բերել գաղտնի փաստաթղթերի պատճեները եւ հանձնել նավթային ընկերությունների ներկայացուցիչներին, ինչի դիմաց նրանց լավ վարձատրել են։

Հանցագործների սխեման բացահայտվել է, բոլոր մասնակիցները ձերբակալված են։ Նրանց մեղադրանք է ներկայացվել մի քանի հոդվածով, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նյու Դելիի ոստիկանությանը։ Մասնավորապես նրանց մեղադրում են գողության, արգելված փաստաթղթերը գողանալու եւ հանցավոր դավադրության մեջ։

Ինչպես պարզվել է, ստվերային բիզնեսի կազմակերպիչը էներգետիկ բիզնես կայքի խմբագիր Սանտանու Սայկիան է եղել։ Նա ոստիկանությանն  արդեն պատմել է, որ գողացած փաստաթղթի ամեն պատճեի դիմաց նրանք ստացել են 8-ից մինչեւ 323 հազար դոլար։ Առավել թանկ են գնահատվել բյուջեի ռազմավարությանը, գնագոյացմանն ու նավթի հումքին վերաբերող կառավարական փաստաթղթերը։

Հնդկաստանի խոշոր նավթագազային ընկերություններում խուզարկումներ են ընթանում։