Ինքնասպանություն գործած հայտնի գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի կառուցած շենքերում բնակարաններ գնած անձինք առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում են նամակով դիմել ՀՀ նախագահին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին շենքի բնակիչները:
Նրանց պատրաստվում են նաեւ նամակով դիմել ՀՀ վարչապետին, Կենտրոնական բանկի նախագահին: Բնակիչները մտավախություն ունեն, որ ամեն րոպե բանկերը եւ վարկային կազմակերպությունները, որտեղ գրավադրված են իրենց բնակարանները, կարող են իրենց վտարել:
Ավելի վաղ Աբրամ Ամիրխանյանի կառուցած շենքերում բնակարաններ գնած 224 շահառուներ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ պայքարելու են իրենց իրավունքների պաշտպանության համար եւ հասնելու են իրենց կողմից փաստացի տնօրինվող, տիրապետվող եւ օգտագործվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմանը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սայաթ-Նովայի շենքում բնակարան ունեն բազմաթիվ հայտնի դեմքեր՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը, պատգամավորներ Կարեն Բոթոյանը, Շիրակ Թորոսյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը, լրագրողներ, հարկայինի աշխատակիցներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանում ապրող հայեր եւ այլն:
Ի դեպ, Համլետ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը Կոտայքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն, գործով առայժմ որեւէ նորություն չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին, ժ.10.40-ին «Նոր-Հաճըն» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Նոր-Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում, տանը՝ սենյակում մահացած մարդ կա, զենքը կողքին: Պարզել են, որ նույն օրը ժ.08.30-ի սահմաններում, 61-ամյա Աբրամ Ամիխանյանը, ով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել է «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ 1 հատ գնդակ: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:
Նշենք, որ 2005 թվականին հիմնադրված այս ընկերությունը իրականացնում է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցապատման գործունեություն եւ վերջերս հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն մայրաքաղաքում կառուցել է Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 շենքերը:Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցված շենքում բնակարաններ գնած անձինք այդպես էլ չէին ստացել իրենց բնակարանները, դրանք գրավադրվել էին բանկում: Այդ շենքն ավարտելու համար ՀՀ կառավարությունը ժամանակին երաշխավոր էր կանգնել եւ տրամադրել շուրջ 2.5 միլիոն դոլար:





























