Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Թումանյանը:
Նա նշեց, որ կալանքը երկարացվել է փետրվարի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից: Փաստաբանն ասաց, որ դատավորը մինչ այժմ ցուցմունք չի տվել, նա օգտվում է լռության իր իրավունքից: Քննության ընթացքում՝ մինչ այժմ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ դատավորին «մատնող« դուռ-պատուհանների արտադրությամբ զբաղվող «Զոսեկար» ՍՊԸ տնօրեն Սեյրան Կարապետյանը, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Պաշտպանական կողմն առայժմ որեւէ գործողություն եւ քայլ չի արել: Ինչ վերաբերում է նրա կաշառք ստանալու մասին տարածված հայտնի տեսանյութին, փաստաբանն ասաց, որ կան ձայնագրությունները դատավորի եւ տեսանյութում երեւացող անձնավորության խոսակցության, բայց լրատվամիջոցներում տարածվածը մոնտաժված տարբերակն է: Իսկ թե ինչ հանգամանքներ կան ամբողջական ձայնագրության մեջ, փաստաբանն առայժմ նպատակահարմար չի գտնում հրապարակել:
Ի դեպ, Կարեն Թումանյանը նշեց նաեւ, որ դատավորը այս պահին 9000 դոլար պարտք ու, մի տեղ՝ 4000 դոլար, մյուսում՝ 5000 դոլար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ, որը բավարարվել է: Դատավորը կալանավորված է:





























