Թեքսասի բանտերից մեկում բանտարկյալները ապստամբություն են բարձրացրել բժշկական վատ սպասարկման պատճառով։ Ռեյմոնդվիլ քաղաքի բանտում ապստամբությանը մասնակցել է ավելի քան 2 հազար բանտարկյալ՝ հիմնականում մեքսիկացի միգրանտներ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, իրավապահ մարմիններին բանտի աշխատակազմի հետ միասին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Անկարգությունների հետեւանքով տուժածներ չկան։
Հակամարտությունն սկսվել է փետրվարի 20-ի առավոտյան։ Բանտարկյալները հավաքվել են զբոսանքի վայրում եւ այրել մի քանի վրաններ։ Բանտի անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել։ Բանտարկյալներից ոչ մեկին չի հաջողվել փախչել։



























