Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է թուրքական անգլալեզու Todays Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել:
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Գալիպոլիի (Չանաքալե) ճակատամարտի 100-ամյակի միջոցառումները նախատեսվածի պես տեղի են ունենալու ապրիլի 24-ին:
Նշենք, որ Todays Zaman-ը տեղեկություն էր հրապարակել, թե Թուրքիայի կառավարության մի ներկայացուցիչ, ով չի ցանկացել իր անունը հայտնել, պնդել է, թե Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, քանի որ ուղարկված հրավերներին տրված պատասխանների քանակը դրական չէ:
Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։ Հրավերը մնացել էր անպատասխան։ Փոխարենը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը 2015 թ. ապրիլի 24-ը հռչակել է Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի օր եւ անձամբ ՀՀ նախագահին հրավիրել մասնակցելու տոնական միջոցառումներին: Պատասխան նամակում Սարգսյանը թուրք գործընկերոջը հասկացրել է, որ հարմար պատրվակի հետեւում թաքնվելը փակուղի տանող ուղի է:





























