Որպես գերատեսչության առջեւ դրված գերխնդիր, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարեւորել է նախարարության մշակած եւ ՀՀ կառավարության ու ԱԺ հաստատմանը ներկայացվելիք «Երեւանի փոքր կենտրոնի մասին» օրենքը, որի դրույթները կենտրոնից զատ կարող են տարածվել ինչպես հանրապետության այլ բնակավայրերի, այնպես էլ՝ Երեւանի այլ վարչական շրջանների վրա:
«Ավելին, այս օրենքի ընդունումը լուրջ խթան կարող է դառնալ կիսակառույցների խնդիրը լուծելու առումով, քանի որ օրենքով կիրառվող գործակցով հարկը կստիպի ներդրողներին կամ արագ ավարտել շինարարությունը, կամ մատչելի գնով ձերբազատվել տվյալ հողամասից կամ շինությունից»,- նշել է քաղաքաշինության նախարարը՝ միաժամանակ անդրադառնալով նաեւ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքին, ինչպես եւ՝ «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն (ներառելով եւ վերականգնելով «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչումը):





























