Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները՝ առանձնակի կարեւորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը:
Այս առումով նախարար Սարգսյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրել է ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի խթանման վերաբերյալ խորհրդակցության հանձնարարականներին եւ հիմնական դրույթներին: Միաժամանակ, ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նա կարեւորել է քաղաքաշինության նախարարության աշխատակազմում նոր՝ կառուցապատման ներդրումային վարչության ստեղծումը, որն արդեն ուսումնասիրություններ է իրականացնում Երեւանի եւ հանրապետության տարբեր բնակավայրերում՝ ներդրողների համար իրացման ենթակա տարածքներ ընտրելով եւ նրանց առաջարկելով ամբողջական փաթեթներ՝ հողամասերն իրենց ենթակառուցվածքներով, էսքիզային նախագծով:
Այս տրամաբանությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ արդեն իսկ իրավական ակտերի շրջանակում մշակվում են հատուկ նորմատիվային պահանջներ՝ հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի եւ այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը:





























