ԱՄՆ Օհայո նահանգի առափնյա պաշտպանության ծառայությունը կանադացի իրենց գործընկերների հետ միասին ձեռնամուխ են եղել 230 մ երկարություն ունեցող բեռնատար նավի փրկարարական աշխատանքներին, որը խցանվել է Էյրի լճի սառույցների մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Քոնոթ Հարբոր նավահանգստում։ Բեռնանավը սառել-մնացել է 3 մետր խորություն ունեցող սառույցի մեջ։
Մի քանի օր շարունակ ամերիկյան 42 մետրանոց «Բրիսթոլ Բեյ» սառցահատը փորձել է նավը դուրս բերել սառույցի միջից։ Սակայն անհաջող փորձերից հետո սառցահատը հետ է վերադարձել Քլիվլենդ, իսկ նրան փոխարինել է սառույց կտրող «Գրիֆոն» հսկա կանադական նավը։ Նավն ուղեւորվում էր դեպի Քոննոթ՝ բեռնաթափման համար, գրում է Americaru-ն։
Սովորաբար բեռնանավերը խցանվում են սառույցների մեջ այն դեպքում, եթե լճի ջուրը մի քանի անգամ սառում եւ հալվում է, որից ջրի մակերեւույթը ատամնավոր տեսք է ստանում։ Այս ձմռանը սա Էյրի լճում բեռնանավի խցանման առաջին դեպքն էր։


























