ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը եւ այլոք: Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են։
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, եւ հուսով ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիներին կշարունակվի եւ ավելի կընդլայնվի», - նշել է իր ողջույնի խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետեւ նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, խնդիրներն ու առաջիկա անելիքները: Անդրադառնալով ոլորտի գերակա խնդիրներին`Սերգո Կարապետյանը մասնավորապես մատնանշել է առաջնահերթ պարենային մթերքի ինքնաբավության եւ սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման, անասնագլխաքանակի եւ գյուղատնտեսական կենդանիների կաթնատվության ավելացման, կոոպերատիվների ստեղծման, կաթիլային ոռոգման եւ հակակարկտային ցանցերի համակարգի ներդրման եւ ջերմոցային նոր տնտեսություններ հիմնելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտի խնդիրներին` նախարարը կարեւորել է օգտագործվող ջրի փակ կամ կիսափակ շրջապտույտի համակարգի ներդրումը` առաջարկելով առաջիկայում իրականացնել պիլոտային ծրագրեր մի շարք ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման ուղղությամբ: Ի պատասխան Քարեն Հիլիարդը տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից արդեն մշակվել եւ հաստատվել են նմանատիպ երեք ծրագրեր, որոնց իրագործումը նախատեսվում է սկսել ընթացիկ տարում:
Պատվիրակության ղեկավարը եւս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս երկկողմ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ կնպաստի գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրների լուծմանը:





























