Հայաստանի դատական իշխանությունը կորցրել է անկախությունը: Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում հայտարարեց Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով պետական կառավարման ճգնաժամի մասին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին:
Պատգամավորի խոսքով, դրա սկիզբը դրվեց 2005 թվականի Սահմանադրության փոփոխություններով եւ 2007 թվականին Դատական օրենսգրքի նոր խմբագրման ամրապնդմամբ:
«Օրենսդիր, գործադիր եւ իրավապահ մարմինների հետ դատավորների կապը խախտվեց: Սակայն հենց դրանք էին ապահովում դատավորների հարաբերական ինքնուրույնությունը եւ զսպում իշխանությունների անհագ ախորժակը»,- հավելեց նա:
Ի հավելումն այս ամենի՝ Հայաստանում գործում է դատական դեպարտամենտ, որի անդամներին նշանակում է իշխանությունը, եւ որը ոչ այլ ինչ է, քան դատավորների նկատմամբ լրտեսողների ցանց:
«Դատավորներին երբեմն պարտադրվում է ոչ միայն դատավճիռը, այլեւ պատրաստի մի ամբողջ դատավարություն: Դատավորներին հրահանգում են, թե ինչպես պետք է շահեկան կամ ոչ շահեկան միջնորդություններ ընդունել, շարունակել մեղադրողի համար անցանկալի վկայի հարցաքննությունը, թե՝ ոչ»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
Այս ամենն էլ, ըստ պատգամավորի, քաղաքացիների շրջանում անվստահություն է ծնում իրավական պաշտպանվածության նկատմամբ, դրա հետ մեկտեղ նաեւ խթանում է արտագաղթը:





























