Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգ Միդլթոն քաղաքում 11 ուսանողների տեղափոխել են հիվանդանոց: Պատճառը մոլլի անունով հայտնի «ակումբային» թմրանյութի գերդոզավորումն է: Այս մասին գրում է America.ru-ն:
Չորս ուսանողի տուն են թողել, յոթ հոգու փոխադրել են այլ հիվանդանոցներ: Ուեսլիանի համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Մայքլ Ուեյլիի տեղեկացմամբ, ուսանողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Ուսանողների վիճակի մասին այլ տեղեկություններ համալսարանը չի հաղորդում:
Մոլլին էքստազիի մաքուր ձեւն է: Այն հոգեմետ միջոց է, որն էյֆորիա, ջերմության զգացողություն է առաջացնում եւ խեղաթյուրում է իրականության զգացողությունը: Թմրամիջոցը բավական տարածված է գիշերային ակումբներում:
Մասնագետների խոսքով, մեծ չափաբաժիններով մոլլին կարող է խաթարել լյարդի եւ երիկամների աշխատանքը, ինչպես նաեւ հանգեցնել սրտային անբավարարության:


























