Պետությունը կփոխհատուցի «Հայաստանի էլցանցերի» միայն օբյեկտիվ կորուստները: Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի 2014 թվականի հաշվետվությունը:

Նա նաեւ հավելեց, որ էլցանցերի կորուստների մի մասը կապված է անհաջող պարտքերի հետ, եւ Հանձնաժողովը դրան չի միջամտի: Սակայն մյուս մասի պատճառը 2012-13 եւ 2013-14 սակագնային սեզոնին հանրապետության էներգաբալանսի ֆորս-մաժորային փոփոխություններն են:

Նախ՝ այդ տարիները երախտային էին, ինչը հանգեցրեց հիդրոէներգիայի կրճատման: Ելնելով բազմամյա տարեկան միջին ցուցանիշներից՝ «Որոտան-կասկադ ՀԷԿ»-ում ծրագրվում էր 1 մլրդ կՎտ/ժ, «Սեւան-Հրազդան ՀԷԿ»-ում՝ 550 մլն, փոքր ՀԷԿ-երում՝ շուրջ 820 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ստացում: Սակայն 2013-14 թ.թ. 250 մլն-ով պակաս է արտադրվել:

Երկրորդ՝ Հայկական ԱԷԿ-ը, որը տարեկան շուրջ 2.2 մլրդ կՎտ/ժ էներգիա է արտադրում, 2013-14 սեզոնին 88 օր դադարել է գործել եւ 330 մլն կՎտ/ժ-ով ավելի պակաս է արտադրել:

Արդյունքում, «Հայաստանի էլցանցերը» ստիպված է եղել ՋԷԿ-երից ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել, ինչը հանգեցրել է 27.6 մլրդ դրամի չափով չծրագրված ծախսերի: Նազարյանը հիշեցրեց, որ այդ ծախսերը 3 տարվա ընթացքում էլցանցերին փոխհատուցելու է սակագների միջոցով:

Տարեկան եւս 2.5-3 մլրդ դրամ «Էլցանցերը» չի ստացել ցանցում ծրագրված 11.2%-ը գերազանցող կորուստների պատճառով. փաստացի կորուստները գերազանցել են 13%-ը:

«Այդ ծախսերից մենք «Էլցանցեր»-ին փոխհատուցում ենք միայն նրանք, որոնք առաջացել են նրանցից անկախ հանգամանքների բերումով: Իսկ ներդրումների առումով մենք հաստատում եւ սակագներում հաշվի ենք առնում միայն մեզ հետ համաձայնեցվածներն ու հիմնավորվածները. արդյո՞ք դրանք արվել են ցանցում կորուստները կրճատելու կամ բացառելու, կամ լարումն անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար: Որպես օրինակ նշեմ, որ 2004-14թ.թ. «Հայաստանի էլցանցերը» շուրջ 113 մլրդ դրամի ներդրում է կատարել, որից շուրջ 20 մլրդ-ը մենք չենք հաստատել»,- նշեց Նազարյանը: