Երեւանի Կիեւյան կամրջի տակ փետրվարի 23-ին մահացած հայտնաբերված 20-ամյա Վրույրը Վայոց ձորի Քարագլուխ գյուղից էր, սովորում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Նա հայտնեց, որ Վրույրի ծնողները զինվորականներ են, քույրն աշխատում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ եղբայրն էլ սովորում է Պոլիտեխնիկում:
«Վրույրը սովորում էր ռեժիսուրայի ֆակուլտետում: Շատ լավ երեխա էր, չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասաց գյուղապետը:
Մեր տեղեկություններով՝ Վրույրը լիկվիդ է ունեցել, դեպքի օրը մտել է քննության, սակայն նորից չի ստացել այն, այնուհետեւ անհետացել է: Թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու է երիտասարդն այդ քայլին դիմել, մտերիմները չգիտեն:
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեպքի կապակցությամբ:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը փետրվարի 23-ին ժամը 22.45-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Կիեւյան կամրջի տակ` Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի:




























