ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ փետրվարի 25-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի եւ Երեւանյան գրասենյակի պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող օրենսդրական եւ գործնական քայլերը:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը նշել է, որ պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Եվրոպացի գործընկերների խնդրանքով նախարարը մանրամասնել է պրոբացիայի ծառայությանն առնչվող այլ իրավական ակտերի շրջանառության մեջ դնելու ժամկետները: Հովհաննես Մանուկյանը հավելել է, որ պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավվել են շահագրգիռ տարբեր մարմինների ներկայացուցիչներ:

Նախարարը ներկայացրել է ծառայության ներդրման հնարավոր ժամկետների, ինչպես նաեւ փորձնական ծրագրի մեկնարկի վերաբերյալ որոշ մանրամասներ:

Անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք հանձնառություններին՝ ԵԽ Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի ներկայացուցիչը եւ փորձագետները տեղեկացրել են, որ ներկայում աշխատանքներ են ընթանում համապատասխան վերապատրաստման ծրագրերի եւ գործառնական որոշ մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Կողմերը հստակեցրել են միջոցառումների հաջորդականությունը՝ առանձնացնելով համատեղ ձեռնարկվելիք քայլերի բոլոր առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին նախարարն ընդգծել է, որ այս տարի պատրաստ է լինելու պրոբացիայի ծառայության ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական բազան՝ հավելելով, որ հետագա աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս սեղմ ժամկետում ստեղծել համակարգը: