Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների սաների, ինչպես նաեւ պատանի երկրապահների մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր է կազմակերպվել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկա են գտնվել եւ Զորավարի արձանին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ են խոնարհել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանն ու Արտավազդ Սարգսյանը, ինչպես նաեւ երկրապահներ, բնակիչներ:
Միջոցառմանը ներկայացվել են Անդրանիկ Օզանյանի հայրենանվեր գործունեության առավել ուշագրավ դրվագներ ու սերնդեսերունդ փոխանցված նրա պատգամները: Երաժշտական կատարումներն ու պարային բեմադրությունները նույնպես նվիրված են եղել Զորավարին:
Միջոցառման մասնակիցները ընդգծել են միջոցառման կարեւորությունը եւ ազգի հերոսների գնահատման ու սերունդների հայրենասիրական դաստիարակության հարցում նրանց թողած ժառանգության դերը:





























