Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր փետրվարի 25-ին Փաստաբանների պալատի եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Փաստաբանների պալատի նախագահը ողջունել է համագործակցության նման ձեւաչափը եւ նշել, որ այս համագործակցության շահառուն լինելու է հասարակությունը: «Վերջին շրջանում արդիական է դարձել հատուկ մասնագետների միջոցով ճշմարտությունը վեր հանելը եւ փաստաբաններիս համար դա շատ կարեւոր գործիք է»,-նշել է Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով Փորձաքննությունների ազգային բյուրոն տրամադրված է իրենց հնարավորությունները ի նպաստ դնել փաստաբաններին: Այսինքն փաստաբաններն էլ կկարողանան արտադատական կարգով փորձաքննությունների համար դիմել եւ ստանալ հետազոտությունների արդյունքներ, որը կհեշտացնի փաստաբանների աշխատանքը:

Արտաշես Ջավադյանը կարեւորելով Փաստաբանների պալատի հետ համագործակցությունը նշել է. «Մենք նույն խստությամբ, նույն գիտական հիմնավորվածությամբ ու նույն ռեժիմով կփորձենք աշխատել փաստաբանների հետ»:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաեւ փաստաբանական դպրոցի հետ՝ ունկնդիրներին փորձաքննություններին առնչվող թեմաներով դասախոսություններ ներկայացնելու միջոցով։