ԱԺ պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն ու «Բջնի» հանքային ջրերի գործարանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք ավելի քան 124 միլիոն եվրո են գնահատել գործարանին պետության կողմից հասցված նյութական եւ բարոյական վնասը:
«Բջնի» գործարանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, թե նախնական հաշվարկի արդյունքում ներկայացված նյութական եւ ոչ նյութական վնասի ամբողջ չափը՝ ինչպես նաեւ ծախսերը, ծախքերը հաշված, կազմում է 124 միլիոն 194 հազար 940 եվրո: Փաստաբանը նաեւ նշել է, որ դա դեռ ամբողջը չէ. ընկերությունը կրկին կրում է վնասներ, եւ այդ վնասները նույնպես «ՍԻԼ կոնցեռն»-ի մասնագետների կողմից հիմա հաշվարկվում են:
Ըստ Զոհրաբյանի՝ դիմումի հիմքում ներպետական ատյաններով անցած երկու գործեր են, որոնցում «Բջնի» ընկերությունը պարտվել էր: «Գործում եղած փաստերը հստակ մի բանի մասին են վկայել, որ պետական մարմինը „Բջնի“ ընկերության նկատմամբ կամայական մոտեցում է ցուցաբերել: Եվ կարծում եմ, որոշակի իմաստով Հայաստանի համար դժվար է լինելու, որովհետեւ արդեն, կոպիտ ասած, այդ հարցը որոշակի առումով քաղաքական հարց է դառնում»,- նշել է փաստաբանը եւ հավելել, որ Եվրադատարանի կողմից հայցը քննության ընդունելը կարող է պահանջել շուրջ երկու տարի:
Հիշեցնենք, որ Սուքիասյանի ընտանիքի եւ նրանց պատկանող ձեռնարկությունների դեմ հետապնդումներ սկսվեցին, երբ Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին:




























