Բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 19 քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով  այս տարվա առաջին կիսամյակում  պետական բյուջեից տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր' 77 մլն 812 հազար  դրամ ընդհանուր գումարի չափով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները' 2 տարի հետո մարելու պայմանով: ՀՀ 2010թ. պետական բյուջեով նշված վարկային ծրագրի շրջանակում նախատեսված հատկացումը կազմում  է 200 մլն  դրամ:

2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 257 քաղաքացու ընդհանուր առմամբ տրամադրվել է 972 մլն 659 730  դրամի չափով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով: