Գլենդելի քաղաքապետի նախաձեռնությամբ հասարակական արշավ է սկսվել՝ վրաերթի հետեւանքով զոհված 4-ամյա երեխայի ընտանիքի համար միջոցներ հավաքագրելու նպատակով, եւ արդեն ավելի քան 26 հազար դոլար է հավաքվել: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Համացանցի միջոցով ավելի քան 350 մարդ միջոցներ է նվիրաբերել: «Շատ շնորհակալ եմ հասարակության առատաձեռնության համար: Մեզ մոտ՝ Գլենդելում առկա միասնականության զգացողությունն առանձնահատուկ է»,- ասել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը զոհվել է մարտի 6-ին Գլենդելում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Աղջիկը վազելով դուրս է եկել փողոցի երթեւեկելի հատված եւ վրաերթի ենթարկվել: Ավտոմեքենայի վարորդը փախուստի է դիմել:

Ավելի ուշ Գլենդելի 55-ամյա բնակիչ Շանթ Բադլյանը, որին կասկածում էին մահացու ելքով վթարին մասնակցելու եւ փախուստի դիմելու մեջ, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալվել, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակվել: