Օսմանյան կայսրության ժամանակներից թուրքերն ու ռուսներն իրար հետ բազմաթիվ արյունոտ պատերազմներ են մղել: Ավելի ուշ Թուրքիան պաշտպանում էր ՆԱՏՕ-ի հարավային ճակատը ԽՍՀՄ-ի դեմ պայքարում: «Ռուսներն ուխտադրուժ են», այսպես է հնչում հայտնի թուրքական ասացվածքը: Եւ դժվար որեւէ մեկը սպասեր, որ երկու երկրների վարչապետեր Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 6-ին Անկարայում բազում պայմանագրեր կստորագրեին, գրում է «Economist» թերթը:

«Ուխտադրժություն» հասկացությունն օգտագործում էին շատերը՝ նաեւ թուրքական կողմի հետ «Գազպրոմի» ստորագրած պայմանագրի մասին, որ նախատեսում է Սեւ ծովում թուրքական տարածքային ջրերի օգտագործումը դեպի Եվրոպա «Հարավային հոսք» գազամուղի անցկացման համար: Գազամուղը շրջանցելու է Ուկրաինան, որի տարածքով էլ Եվրոպա է մատակարարվում ռուսական գազի 80 տոկոսը: Ռուսաստանը բազմիցս դադարեցրել է գազի առաքումը Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով՝ միլիոնավոր եվրոպացիների մատնելով ցրտի: Ռուսաստանից նվազագույն կախվածության մեջ լինելու համար ԵՄ-ն նախաձեռնեց Nabucco գազամուղը, իսկ դրա վերաբերյալ համաձայնությունը ստորագրվեց հուլիսին՝ Թուրքիայում: Եւ այսպես, ո՞ւմ է դա ձեռնտու:

Պատասխանը պարզ է՝ Թուրքիային:

Տեղակայվելով էներգառեսուրսներով հարուստ Մերձավոր Արեւելքի եւ նախկին ԽՍՀՄ խաչմերուկում, Թուրքիան գազի տարանցման միակ երկիրն է: Եւ նա առանց խղճահարության օգտվում է այդ հանգամանքից՝ ԵՄ-ում իր անդամակցությունն ապահովելու համար: Դա էլ պահանջում է համագործակցել Ռուսաստանի հետ: «Հարավային հոսքին» աջակցելու դիմաց Թուրքիան ստացավ Ռուսաստանի աջակցությունը՝ գազամուղը սեւծովյան Սամսուն նավահանգստից միջերկրածովյան Ջեյհան տերմինալ հասցնելու համար: Ասում են նույնիսկ, որ Թուրքիան խնդրել է Ռուսաստանին՝ իջեցնել ատոմակայանի գները: Nabucco-ն ու «Հարավային հոսքն» իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են իրար, պնդում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:

Նույնն էլ կարելի է ասել Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին: Սառը պատերազմի ավարտից հետո նրանց շահերը երբեմն համընկնում են: Երկու երկրներն էլ նմանատիպ դիրքորոշում ունեն Աֆղանստանի պատերազմի նկատմամբ, սակայն երկուսն էլ ներքնապես բողոքեցին Իրաք ԱՄՆ-ի ներխուժման դեմ: Թուրքիայի՝ որպես ԱՄՆ-ի պուդելի, իմիջը ջնջվեց 2003թ. մարտին, երբ խորհրդարանն արգելեց ԱՄՆ զորքերի մուտքը թուրքական տարածք եւ երկրորդ ճակատի բացումը Սադամ Հուսեյնի դեմ:

Թուրքիայի համար եւս մեկ փորձություն էր Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008թ. օգոստոսյան պատերազմը: Թուրքիան պատշաճ լրջությամբ օգտվեց Մոնտրեի կոնվենցիայից, որը կարգավորում է Բոսֆորի նեղուցով նավերի անցումը, այնպես որ ամերիկյան նավերի աննշան մասը միայն կարողացավ մուտք գործել Սեւ ծով: Ոչ Ռուսաստանը, ոչ էլ Թուրքիան չէին ցանկանում, որ Ամերիկան խառնվեր իրենց գործերին:

Իսկ ի՞նչ են մտածում ամերիկացիները: «German Marshall Fund»-ի վաշինգտոնյան ներկայացուցչության վերլուծաբան Յան Լեսսերը նշում է, որ ներկա պահին իրենք չեն անհանգստանում: «Օբամայի վարչակազմին ավելի հետաքրքրում են Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները»,- նկատում է Լեսսերը:

Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները դիտարկվում են նոր միջազգային քաղաքականության համատեքստում, որ նախատեսում է կապեր բոլոր հարեւանների հետ: Եվրոպան դժվար թե գնա Ռուսաստանի դեմ, քանի միասնական չէ: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նույնպես մասնակցում էր Անկարայի բանակցություններին, քանի որ «ENI»-ն իտալական ընկերություն է եւ մտնում է «Հարավային հոսքի» ծրագրի մեջ:

Ռուսաստանը Թուրքիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է՝ ապահովելով նրա գազի 68 տոկոսը: Թուրքական շինարարական ընկերություններն ակտիվ գործունեություն են ծավալում ողջ Ռուսաստանով մեկ: Միլիոնավոր ռուսաստանցի զբոսաշրջիկներ ամեն տարի հանսգտանում են թուրքական առողջարաններում: Անթալիան 15 հազար ռուսների մշտական բնակության վայրն է, եւ նրանցից շատերն իրենց կյանքը կապել են թուրքերի հետ: Նրանք ռուսալեզու սեփական թերթ ունեն, իսկ հիմա մտադիր են ուղղափառ եկեղեցի հիմնել:

«Ռուս կանայք թուրք տղամարդկանց սովորեցրին սիրո արվեստը»,- պնդում է Ալի Օզգենթյուրքը, որ նկարել է Թուրքիայի ռուս մարմնավաճառուհիների մասին պատմող «Բալալայկա» ֆիլմը:

Պարոնայք Պուտինն ու Էրդողնան իրար հետ լավ լեզու են գտնում: Երկուսն էլ մաչո են, երկուսն էլ վարում են առողջ ապրելակերպ եւ պատրաստ են ավտորիտար բնազդներին: Թուրքիան այն քիչ երկրներից է, որի հետ Ռուսաստանն իրեն հարմարավետ է զգում: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան պայմանավորվել է Պատրիարք Կիրիլի հետ՝ Ստամբուլում հունական ուղղափառ պատրիարքությանը նեղելու համար, իսկ Բարդուղիմեոս առաջին պատրիարքը միշտ համարվել է առաջինը հավասարների մեջ ուղղափառ հիերարխիայում:

Սակայն փոխադարձ անվստահությունը շարունակվում է: Ռուսաստանը դժգոհ է չեչեններին տված Թուրքիայի թողտվությամբ (մահմեդական քարոզիչ Տահիր Բույուկկորուկչուն՝ խոսելով չեչենական հարցի մասին, ռուսներին «ռուս խոզեր» է անվանում մասնավոր «Կոն» ալիքով հեռարձակվող իր հաղորդման մեջ):

Թուրքիայի համար էլ ցավալի է, որ Ռուսաստանը հրաժարվեց «Քրդստանի բանվորական կուսակցությունը» ճանաչել որպես ահաբեկչական: Թուրքիային կասկածելի է թվում նաեւ Ռուսաստանի ցանկությունն՝ օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու գործում: Թուրքական պաշտոնատարներն ասում են, թե Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր հեղինակությունը, որ խաթարվել էր Վրաստանի հետ պատերազմում: Հավանաբար նա ցանկանում է կասեցնել հայ-թուրքական մերձեցումը: Շատերն էլ կարծում են, թե Ռուսաստանի ծրագրերը նպաստում են, որ Ադրբեջանը ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական մերձեցման եւ սահմանների բացման հարցում: Դրանք հիմա էլ պահպանվում են ռուս զինվորների կողմից, ինչպես սառը պատերազմի օրերին: