Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները «Լյուստրացիայի մասին» օրինագիծ են մշակել, որն արգելում է պետական պաշտոններ զբաղեցնել նրանց, ովքեր աշխատել են Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:
««Լյուստրացիայի մասին» օրինագիծը սահմանափակումներ է նախատեսելու «Ազգային շարժման» հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների համար: Այս օրինագիծը Հիտլերից հետո ընդունվել է Գերմանիայում, այնուհետեւ Արեւելյան Եվրոպայի հետխորհրդային պետություններում՝ Հունգարիայում, Չեխիայում, Լեհաստանում: Այդ ուղին անցել են բոլոր այն երկրները, որոնք հաղթահարել են ավտորիտարիզմը»,- հայտարարել է «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան:
Օրինագծի մշակմամբ զբաղվող «Ազատ Վրաստան», «Ռեֆորմատորներ» եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները պահանջում են Սահակաշվիլիի կուսակցության կառավարման ժամանակաշրջանը հանցավոր ռեժիմ ճանաչել:
Նախագծի հեղինակները հիշեցնում են, որ 2011 թվականին Վրաստանի խորհրդարանն Ազատության խարտիա ընդունեց, որն արգելում է Վրաստանի կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնել Խորհրդային Միության հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներին, Կոմկուսի եւ Կոմսոմոլի նախկին պաշտոնատար անձանց, թույլ չի տալիս հասարակական վայրերում ֆաշիստական եւ կոմունիստական խորհրդանիշեր օգտագործել:





























