Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ անձամբ այցելելում խանութներ, եւ քաղաքացիների կարծիքները հարցնում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  հուլիսի 22-ին Էրդողանը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո Թարաբյա հրապարակում իջել է մեքենայից,  զրուցել եւ նկարվել քաղաքացիների հետ։  Բացի այդ, Էրդողանը մտել է մի խանութ, զրուցել խանութի աշխատակիցների եւ հաճախորդների հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք վերաբերում առաջիկա սահմանադրական հանրաքվեին։
Վերջում Էրդողանը սկսել է խոսել լրագրողների հետ՝ նրանց եւս հարցնելով, թե ինչպես են քվեարկելու սեպտեմբերի 12-ին։ Լրագրողներից մեկը պատասխանել է, թե «այո» է ասելու, իսկ մի քանիսը նշել են, որ իրենց պատասխանը քվեատուփի մոտ են տալու։

Նշենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը  սահմանադրական բարեփոխումների փաթեթ է պատրաստել, որն արդեն որոշ փոփոխություններով հաստատվել է թուրքական խորհրդարանում, եւ սեպտեմբերի 12-ին դրվելու հանրաքվեի։

Նշենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունն այն կարծիքին է, որ 1980 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մասնակիցների կողմից ընդունված Սահմանադրությունը ժողովրդավարական չէ եւ պետք է այն բարեփոխել: