SOCAR պետական նավթային ընկերությունը նախատեսում է Վրաստանում կառուցել ստորգետնյա գազապահեստարան, որտեղ ներմղվելու է 300 միլիոն խ.մ. ադրբեջանական գազ։ Այս մասին, օգոստոսի 13-ին, ասել է Ադրբեջանի Նավթային պետական ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաեւը։
Ըստ նրա, ներկայումս SOCAR-ը վերահսկում է Վրաստանի գազի մատակարարման 75 տոկոսը, «իսկ հեռանկարում ցանկանում ենք ավելացնել այդ ցուցանիշը, այդ իսկ պատճառով 300 միլիոն խ.մ. տարողությամբ գազատարի շինարարությունը դրական ազդեցություն կունենա մեր բիզնեսի վրա»։
Գազապահեստարանի շինարարության աշխատանքները, ըստ նախատեսվածի, կատարվելու են նավթի եւ գազի հանքերի տարածքում՝ Նինոցմինդայում։ Աշխատանքը իրականացվելու է 3 փուլով, այն ավարտվելու է 2013 թ. եւ, ըստ նախնական հաշվարկների, արժենալու է միջինը 150 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ 2008 թ. վերջին Վրաստանի կառավարությունն ու Ադրբեջանի Նավթային պետական ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ SOCAR Georgia Gas-ը տրամադրել 22 գազահամակարգիչ ընկերությունների ղեկավարությանը։
Փաստաթղթի համաձայն, ադրբեջանական ընկերությունը 3 տարվա ընթացքում պարտավոր է Վրաստանի գազային ցանցին փոխանցել 40 միլիոն դոլար։




























