Առաջիկա քաղաքական աշնան առաջնահերթությունները լինելու են Իրանի հետ կապված ճգնաժամն ու Իրանին հարակից տարածաշրջաններում ընթացող պատերազմները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում արեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա նշեց, որ քաղաքական աշնան առաջնահերթությունների շարքում լինելու է նաեւ տնտեսական ճգնաժամի նոր ալիքը, որը, ըստ արեւմտյան պարբերականների վերլուծությունների, նոյեմբերի սկզբներին իրեն զգացնել կտա:
Ինչ վերաբերում է Հայաստանում աշնանը սպասվող քաղաքական առաջնահերթություններին, ապա դրանց շարքում Խաչատրյանը նշեց ներքաղաքական խնդիրների սրացումը, որոնք ըստ նրա, կարող են քաղաքական նոր վերադասավորումների տեղիք տալ: «Այդ վերադասավորումները զգալի չափով կապված կլինեն Հայաստանի ներքին տնտեսական բավականին լուրջ խնդիրներով եւ արտաքին լուրջ մարտահրավերներով»,-նշեց պատգամավորը: Խաչատրյանը մանրամասնեց, որ արտաքին քաղաքական մարտահրավերներ ասելով նկատի ունի ԼՂ կարգավորման հարցը, որն, ըստ նրա, « ֆոկուսացրել է համաշխարհային ուշադրությունն ու մեծ կշիռ հաղորդել հայ-թուրքական գործընթացին»:
«ԼՂ հարցի կամայական տատանումը չի կարող հայելային անդրադարձ չունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա»,- ասաց պատգամավորը: Հարցին, թե ո՞ր խնդիրն ավելի գերիշխող կլինի եկող աշնանը՝ ԼՂ հա՞րցը, թե՞ հայ-թուրքական գործընթացը, կամ գուցե երկուսն էլ միաժամանակ, պատգամավորն արձագանքեց. «Իմ խորին համոզմամբ՝ Ղարաբաղի հարցը, քանի որ հայ-թուրքական գործընթացում դժվար եմ պատկերացնում որեւէ առաջընթաց՝ նկատի ունենալով թուրքական բարձրագույն պաշտոնյաների հռետորաբանությունը, որն այս ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել»: Պատգամավորը նկատեց, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել՝ ի դեմս ԼՂ հարցի կարգավորման, եւ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ադրբեջանական ճնշման ներքո ցանկանում է մխրճվել ԼՂ հարցի կարգավորման մեջ: Իսկ հնարավոր համարո՞ւմ եք աշնանը նոր քաղաքական ուժի ի հայտ գալը, ուժ, որը լինելու է իշխանությունների եւ ընդդիմության (ի դեմս Հայ ազգային կոնգրեսի) այլընտրանքը, հարցին էլ պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ, այսօրվա իրավիճակը նպաստավոր է այդ առումով: Ես չեմ ցանկանա խորանալ, քանի որ դա բավական հարաբերական գործընթաց է, սակայն կգա ժամանակն ու բոլորս կտեսնենք դա»:
Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանը մի քանի ամիս առաջ ձեւավորված «Ժողովրդա-հայրենասիրական ուժերի շարժման» անդամներից է:




























