Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի եկեղեցիներից մեկի պայթյունի փաստով քրեական գործ  է հարուցվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ տեղի ոստիկանության, բացառվում է այն ենթադրությունը, որ ուկրաինական ուղղափառ եկեղեցու պայթյունը պայմանավորված է Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարաք Կիրիլի այցով։

Հիշեցնենք, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ուկրաինա կավարտվի հուլիսի 28-ին։ Ինչպես գրում է «Կոմերսանտը», ռուս ուղղափառ եկեղեցուց պնդում են, որ այցը «բացառապես հովվապետական է»: Ուկրաինայում, սակայն, կարծում են, որ ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդել։ Ուկրաինական եկեղեցին Կիրիլին մեղադրում է այն բանում, որ «նա ուզում է Ուկրաինան միացնել ռուսական նոր կայսրությանը»: Կիեւում նրա այցի դեմ ցույցեր են կազմակերպվել, իսկ պատրիարքի՝ Ուկրաինայից հեռանալու օրը Մոսկվայի պատրիարքությանը պատկանող Զապորոժյե քաղաքի տաճարում պայթյուն է որոտացել։