«Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչությունում:

Հետագայում որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Քրեական գործով կայացված որոշումը վերացվել է եւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: