Հատկապես ամոթալի է, որ ԱՄՆ կառավարությունն իր ազատությունը ստորադասում է օտար պետությանը։ Այս մասին հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը ցեղասպանություն չճանաչելու որոշումը, գրում է Asbarez-ը։
«Ամերիկան աշխարհում միշտ հույսի փարոս է եղել մարդկանց համար, որոնք ձգտում են ազատության եւ փորձում են փրկվել բռնապետությունից եւ հալածանքներից։ Դա հատկապես ամոթալի է, որ մեր կառավարությունը իր ազատությունը զիջում է օտար պետությանը, մասնավորապես այնպիսի պետությանը, որը պատասխանատու է համաշխարհային պատմության մեջ ամենաաբսուրդ բռնակալության եւ հալածանքների համար։ Հայոց ցեղասպանության բարոյական պատասխանատվության ժխտման Թուրքիայի պարանոյիկ մոլուցքը աշխարհում վրդովեցուցիչ դեպք է։ Թուրք առաջնորդներին թույլ տալով որոշել, թե մենք ինչպես կարող ենք կամ չենք կարող խոսել պատմական ճշմարտության մասին՝ մեր կառավարությունը չի կարող պաշտպանել ազատության իր սեփական հիմնարար սկզբունքները։ Թուրքիայի՝ իբրեւ «դաշնակցի» ենթադրյալ կարեւորությունը խղճուկ արդարացում է, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ այդ երկրի կառավարությունն այդքան հաճախ հրաժարվել է բավարարել ամերիկյան ռազմական եւ արտաքին քաղաքական կարիքները եւ հիմա էլ միջոցներ չի ձեռնարկում Սիրիայում եւ տարածաշրջանի այլ վայրերում իսլամիստների կամայականություններին վերջ տալու համար։ Մեր երկիրը ծնվեց աշխարհի հզորագույն պետության դեմ պայքարի արդյունքում։ Իհարկե հիմա մենք պետք է ուժ եւ խիզախություն ունենանք թուրք ժխտողականներին հակազդելու համար»,- ասել է Փոլ Գրեգորյանը։
Ավելի վաղ NEWS.am –ը, վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը:




























