Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին շարունակում են ավելանալ այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք 1915թ. կատարվածն դեպքերն իրենց անուններով են կոչում եւ դատապարտում են 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Հռոմի Պապի հայտարարությանն ու Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին հաջորդեց Ավստրիայի խորհրդարանում բոլոր 6 խմբակցությունների կողմից ներկայացրած փաստաթուղթը, որով պատգամավորները ճանաչել են դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Դրան անմիջապես հետեւեց ավստրիական մամուլի արձագանքը, որը բացառապես դրական երանգներով էր։
«Հանցագործությունը ցեղասպանություն համարել», նման վերնագրով լույս տեսած հոդվածում կատարավածին անդրադարձել է ավստրիական Kurier.at պարբերականը։
«Ավստրիայի խորհրդարանը գտավ այն պարզ բառերը, որոնցով նկարագրեց 1915թ. Օսմանյան կայսրությունում կատարվածը եւ դա ցեղասպանություն որակեց։
Այսօրվանից այս նուրբ հարցի շուրջ խուսափողական դիրքորոշմանը վերջ է դրվում։ Ավստրիայի խորհրդարանը համատեղ հայտարարություն է ընդունել, որով 1915թ. Օսմանյան կայսրությունում կատարվածը որակել է ցեղասպանություն։ Դա Ավստրիայի պարտքն էր այդ սարսափելի իրադարձությունները ցեղասպանություն որակել ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի պարտքն է, լինելով Օսմանյ,ան կայսրության իրավահաջորդը, մութ անցյալի ցավոտ էջերին առերեսվել եւ հայոց ջարդերը ցեղասպանություն որակել», գրում է Կurier.at-ը։
Wiener Zeitung-ը նշել է 100 տարի առաջ տեղի ունեցածը հիշելու անհրաժեշտությունը։
«Միջազգային հանրության ուշադրությունը նորից կենտրոնացավ 1.5 մլն հայերի ջարդերին, երբ Հռոմի Պապը անցյալ շաբաթ մատուցած պատարագի ժամանակ հայերի զանգվածային սպանությունները որակեց իբրեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունները Ցեղասպանությունը հիշելու մշակույթն անհրաժեշտություն են դարձնում։ «Ազատության, խաղաղության մարդու իրավունքների մեր անօտարելի արժեքները անխզելի կապով կապված են բռնության, հալածանքների եւ զանգվածային սպանությունների զոհերին հարգանքի տուրք մատուցելու հետ»,- մեջբերում է թերթը բանաձեւի տեքստը։
Die Presse պարբերականը «Ինչպե՞ս Վիեննան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում նշել է Ավստրիայի դիրքորոշման մեջ տեղի ունեցած փոփոխությունները։
«Ապրիլի 22-ին պատգամավորները խորհրդարանի խոսնակ Դորիս Բուրեսի խնդրանքով 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրում է ավստրիական թերթը։
«Քանի որ Ավստրոհունգարիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել, մենք կրում ենք ցեղասպանության պատասխանատվությունը եւ դատապարտում ենք այդ սարսափելի հանցանքը»,- մեջբերում է թերթը խորհրդարանի խոսնակի հայտարարությունը։
Պարբերականի հաղորդմամբ՝ սա խորհրդարանի հստակ դիրքորոշում է եւ կոնկրետ հայտարարություն։ «Ինչպես նշեց փաստաթղթի համահեղինակ Ռայնհոլդ Լոպատկան, խորհրդարանի ուժերը Թուրքիային կոչ են անում լուս սփռել անցյալի մութ էջերին։ Այս հայտարարությունը Թուրքիայի դեմ չէ, այլ թուրք եւ հայ ազգերի հաշտեցման խթան է»,- գրում է Die Presse-ն։
Ավստրիայի դիրքորոշման փոփոխություններին է անդրադարձել նաեւ Der Standard-ը։
«Ավստրիայի դիրքորոշման այժմ փոփոխություններ են եղել։ Պաշտոնական Ավստրիան կատարված սպանությունները ցեղասպանություն չէր համարում՝ պատճառաբանելով, թե զանգվածային սպանությունները կատարվել էին 1948թ. ՄԱԿ Կոնվենցիայի ընդունումից առաջ։ Հիմա Վիեննայի դիրքորոշումը փոխվել է։ Խորհրդարանում ընդունված համատեղ հայտարարությունով Ավստրիայի խորհրդարանը դատապարտում է 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում հայոց ջարդերը՝ դրանք ցեղասպանություն որակելով»,- գրում է թերթը։





























