Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին քայլն է հասկանալու համար, թե ինչպես պետք է հետագայում խուսափել նման հանցագործություններից։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմի) թանգարանի տնօրեն Պյոտր Սիվինսկին, որը մասնակցում է Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին։
Նրա խոսքով, այսօր Հայաստանում հավաքվել են մեծաթիվ պատվիրակություններ՝ աշխարհի տարբեր անկյուններից, եւ նրանց առաջնահերթ նպատակն է վերահաստատել պատմությունը, եւ միասին մտածել քայլեր, որոնք կօգնեն հետագայում խուսափելու նոր ցեղասպանություններից։
«Ցեղասպանության ճանաչման տարբեր փուլեր կան։ Մեկը հենց քաղաքական ճանաչումն է, որը երբեմն կարեւոր է, սակայն ամենակարեւորը չէ։ Ամենակարեւորը գիտելիքներ են, հատկապես պատմական գիտելիքները, կրթությունը, ԶԼՄ-ները, եւ տվյալ երկրի սովորական քաղաքացները։ Քաղաքական գործիչները ի մի են բերում են այդ ամենը եւ ներկայացնում միջազգային հանրությանը»,- ասաց Սիվինսկին։




























