Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական SAUR` ջրային ռեսուրսների կառավարման եւ շահագործման ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լը Կոնտին:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ համագործակցությունը եւ կարեւորել դրա շարունակական զարգացումը:

Իր հերթին Ժերոմ Լը Կոնտը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ փոխգործակցությունը եւ նշել, որ SAUR ընկերությունը պատրաստակամ է ակտիվացնել եւ խորացնել հետագա գործունեությունը մեր երկրում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման բնագավառում հետագա համագործակցության ընդլայնմանը եւ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: