Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումում հայտարարել է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ ողբերգության քննարկումը, ճանաչումն ու դատապարտումը պետք է ձգվեն 100 տարի: «Հենց այդ հետաձգումն է հանգեցրել նոր հանցագործությունների: Մենք մեր գործունեության հիմքում պետք է դնենք ժխտման դեմ պայքարը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում, որպեսզի կանխենք նոր ցեղասպանությունները:
Մենք կոչ ենք անում Թուրքիային նայել սեփական պատմության աչքերին, մաքրել պատմության սեւ էջերը եւ ճանաչել Ցեղասպանությունը: Ցանկացած ցեղասպանություն ենթադրում է պատասխանատվություն եւ դատապարտում: Պետք է ուղղել անցյալի սխալները եւ առաջ շարժվել մաքուր ձեռքերով»,-հայտարարել է Արտակ Զաքարյանը:





























