Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը անթույլատրելի է։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Բումանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին։

Նրա խոսքով, անհրաժեշտ է հիշել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի առջեւ ունեցած պարտքի մասին. «Այն, ինչ տեղի ունեցավ 1915-16 թվականներին, օրինակ էր Լեմկինի համար, որպեսի նա ձեւակերպի «ցեղասպանություն» եզրույթը։ Անթույլատրելի է, որ Թուրքիան այսօր ժխտում է Ցեղասպանությունը։ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի»։

Պատգամավորը նշել է, թե 2004 թվականին Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Գերագույն դատարանը երկու անգամ դատապարտել է անձանց ժխտման համար։ «Շվեյցարիան չեզոք երկիր է, բայց մարդկության դեմ հանցագործություններին չեզոքություն չի լինում։ Ուստի մենք կոչ ենք անում բոլոր կառավարություններին՝ չենթարկվել Թուրքիայի ճնշումներին»։