Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիին: Կառավարության ղեկավարը կարեւորել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների եւս մեկ վկայություն է: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Սիրիայի իշխանությունների ջերմ վերաբերմունքը եւ շնորհակալություն հայտնել սիրիական կողմին՝ սիրիահայերի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը եւ նշել, որ Սիրիան եղել եւ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին ընդգծել է, որ Սիրիան պատրաստ է խորացնել ու ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների:
Վարչապետ Աբրահամյանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ եւ բարեկամ Սիրիային մաղթել խաղաղություն ու կայունություն: Միաժամանակ, վարչապետը կարեւորել է խորհրդարանական կապերի հետագա սերտացումը եւ տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:






























