Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավոր Պավոլ Գրուշովսկին հպարտ է, որ իր երկիրը ավելի քան 10 տարի առաջ ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ:
«Հայաստանի համար դա անվերականգնելի կորուստ է, բայց դա մեծ կորուստ է նաեւ մեզ համար: Մենք նույնպես զրկվեցինք շատ տաղանդավոր մարդկանցից ու նրանց սերունդներից: Նորից վերադառնալ ու նորից դատապարտելն իմաստ ունի: Սլովակիան փոքր երկիր է, Հայաստանի պես, բայց ես հպարտ եմ, որ ավելի քան 10 տարի առաջ մեր երկիրը կարողացավ դատապարտել հայ ժողովրդի ցեղասպանությունը»,-հայտարարել է Գրուշովսկին:
Իր հերթին Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսն ընդգծել է, որ Ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերից մեկն է: «Ցեղասպանությունը կազմակերպել են երիտթուրքերը անմեղ քաղաքացիների նկատմամբ: Պետք է վերականգնել օրինական իրավունքները: Թուրքիան պատասխանատվություն է կրում եւ պետք է ներողություն խնդրի իր կատարած հանցագործության համար»,-ասել է նա:




























