Իտալիայի Սենատում, այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, եւ սենատը 1 րոպե լռությամբ հարգել է զոհերի հիշատակը:
Ելույթում սենատորը մեջ է բերել 1915թ. Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գորինիի հարցազրույցից հատվածներ, նշելով, որ նրա վկայությունները հայերի բնաջնջման մասին կարեւորագույն իտալական փաստաթղթերից են: Սենատոր Դե Բիազին, մասնավորապես, մեջ է բերել Ջիակոմո Գորինիի հետեւյալ վկայությունները. «Մարդկանցով լի նավերը խորտակեցին: Տղամարդկանց եւ երիտասարդներինգլխատեցին: Ապա երիտասարդ աղջիկներին գողացան եւ բռնաբարեցին, իսկ երեխաներին գերի վերցրեցին»:
«Հայ ազգի գրեթե երեք քառորդը Թուրքիայում ամենադաժան սպանդի ենթարկվեց»:
«Օգտագործեցին պողպատապատ վագոններով պարզունակ գազախցիկներ եւ զանգվածաբար բնաջնջեցին»:
Ապա սենատոր Դե Բիազին իր կողմից ավելացնում է, որ «նաեւ սրա համար է, որ Հայոց ցեղասպանությունը նշվում է որպես ցեղասպանությունների դարի առաջին ցեղասպանությունը»:
Նա կարեւորում է Եվրախորհրդարանի կողմից այս շաբաթ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ նկատում, որ «Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհը ցնցեց անտարբերությունից եւ խաղաղության ու ժողովուրդների համերաշխության մի նոր ճանապարհ բացեց»:
Սենատորն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ «հնարավոր չէ սրբագրել կատարվածը»:
Նա նաեւ նշել է, որ «Այն դասը, որ մեզ տրվում է ցեղասպանությունների դարից, վերջնական է: Մենք ցանկանում ենք, որ այն ինչ տեղի է ունեցել, այլեւս չկրկնվի: Եվ դրա համար է, որ մենք պայքարում ենք ազգերի ազատության, արժանապատվության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար՝ որպես համամարդկային արժեքների, առավել եւս այսօր, երբ ականատես ենք դաժան ծայրահեղականության վերադարձի, որը վերացնում է քրիստոնեական մշակութային արժեքներնու ժառանգությունը»:
ՍԵնատորը ելույթը եզրափակել է նշելով՝ «Մենք այդ մասին ասում ենք այսօր՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Իսկ մի քանի օրից՝ ապրիլի 25-ին տոնելու ենք ֆաշիզմից մեր երկրի ազատագրման 70-ամյակը, հետեւաբար ասում ենք զգոնության եւ ժողովրդավարության համար մեր ընդհանուր պայքարի նպատակով: Եվ այս պատճառով է, որ կհիշատակենք Հայող Ցեղասպանության 100-ամյակը՝ ելնելով համերաշխության եւ մտերմության ոգուց, որոնք այդքան հարազատ են Հայաստանի հետ բարեկամություն միջխորհրդարանական խմբին, որը պատիվ ունեմ ղեկավարելու:
Պարոն Նախագահ, հիշատակելով այդ սարսափելի փաստերը՝ այդ ցեղասպանությունը, որը ցավոք ճանապարհ հարթեց այսպես կոչված Ցեղասպանությունների դարին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի, ինչպես նաեւ այլ ցեղասպանությունների միլիոնավոր զոհերի, այս ահավոր կարճ դարում, որը թողել ենք մեր հետեւում, որպեսզի նայենք դեպի ապագա եւ որպեսզի ահազանգ եւ հուսո խորհուրդ հնչեցնենք, խնդրում եմ Ձեզ կոչ անել Ժողովին մեկ րոպե լռության»:
Ելույթից հետո սենատի նիստը նախագահող փոխնախագահ Ֆեդելիի առաջարկով սենատորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
Ելույթի տեքստը տեղադրված է սենատի պաշտոնական կայքէջում եւ լայնորեն մեկնաբանվում է իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ




























