Կցանկանայի , որ Թուրքիայի ղեկավարներն Ապրիլի 24-ին լինեին Հայաստանում այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողներին ասաց Թուրքիայի պառլամենտի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:

«Մեր երկրի ղեկավարությունը, բացի նրանից, որ պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից, նաեւ պետք է փոխհատուցի բոլոր վնասները: Էրդողանն ու Դավութօղլուն այս բոլոր ձեռնարկումները ոչ թե պետք է ճնշեն, այլ  ընդունեն որպես բարեկամության փորձ»,-ասաց նա:

Թուրքիայի պառլամենտի նախկին պատգամավորը նշեց, որ հայերին հասցրած վնասները փոխհատուցելու համար պետք է փոխել Սահմանադրությունը:

«Մասնակից լինել ժխտման քաղաքականությանը նշանակում է շարունակել հանցագործությունը: Առերեսումը 1915թ.-ի հետ նշանակում է առերեսվել պատմության հետ»,-ասաց Ուֆուկ Ուրասը՝ նշելով, որ Թուրքիան պետք է իրավական եւ քաղաքական պայմաններ ստեղծի, որպեսզի տեղահանված հայերի թոռները նորից բնակություն հաստատեն Թուրքիայում:

Ուրասը նաեւ դատապարտեց նախօրեին Երեւանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը՝ նշելով, որ իրենք կողմ են բանակցություններին եւ հանդիպումներին:

Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, «Մարդկանց կամրջում» հ/կ նախագահ Չեմ Թերզին էլ ասաց, որ իրենք Հայաստանում են հայերից ներողություն խնդրելու համար: 

«Երիտթուրքերի նպատակն է եղել ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին, բայց 100 տարի անց ժխտել տեղի ունեցածը նշանակում է շարունակել քաղաքականությունը: Թուրք ժողովրդի 100 տարվա լռությունն անընդունելի է: Մենք պահանջում ենք, որ Թուրքիայի պետությունը ճանաչի եւ ընդունի ցեղասպանությունը իրավական տեսանկյունից: Բոլորիցդ ներողություն ենք խնդրում»,-ասաց Թերզին:

Չեմ Թերզին նշեց, Թուրքիայի ժողովրդավարությունը կապված է ցեղասպանության ճանաչման հետ: