Իսրայելը պետք է առաջինը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, «ԱՅԲ» կրթական հիմնադրամում «Հայոց ցեղասպանության խնդիրների կարգավորման ռազմավարությունը» թեմայով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանությունների հարցերով մասնագետ Յաիր Աուրոնը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը բարոյական հարց է: «Դա ողջ մարդկության հարցն է: Շատ կարեւոր է, որ տարբեր երկրների խորհրդարանները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց դա բավարար չէ: Ոչ թե խորհրդարանները, այլ երկրների կառավարությունները պետք է ճանաչեն այն: Կառավարությունները պետք է ճանաչեն ձեր ցեղասպանությունը»,-ընդգծել է Աուրոնը:
Գիտնականը նշել է, որ ժխտումը նոր ցեղասպանությունների դուռէ բացում: Մինչ ԱՄՆ նախագահ դառնալը, Բարաք Օբաման հայտարարում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին, բայց մինչ օրս չի արել դա: «Եթե Թուրքիան երբեւէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի եւ դրսի եւ ներսի ճնշման արդյունք»,-հավելել է Աուրոնը:




























