Բոլոնիայի համալսարանում բացվելու է գերմանացի բժիշկ եւ գրող Արմին Վեգների՝ Ցեղասպանության մասին լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին գրում է իտալական Il Fatto Quotidiano պարբերականը:

Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է Իտալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուքյանը:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսում 24 ցուցանմուշ է ներկայացվելու. լուսանկարներ, տեքստեր, քարտեզներ, պատմական փաստաթղթեր: Այդ ամենը ներկայացնում են Արմին Վեգների գործունեությունը, որը փորձել է աշխարհին տեղեկացնել, թե ինչ է կատարվում Անատոլիայի անապատներում:

Ցուցանմուշների մեջ կլինի նաեւ 1933 թվականին Հիտլերին ուղղված կոչ-նամակը՝ նպատակ ունենալով դադարեցնել հրեաների առաջին կոտորածները: Հիշեցնենք, որ այդ նամակի պատճառով Վեգները ձերբակալվեց եւ հայտնվեց համակենտրոնացման ճամբարում, որտեղից հետագայում կարողացավ փախուստի դիմել: