Վատ չէր լինի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ բացել նաեւ Բրյուսելում: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը, ով Երեւանում ներկա է գտնվել Հայ-բելգիական առեւտրի պալատի 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Նա նշել է, որ միջոցառմանը գալու ճանապարհին անցել է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակով: «Ես տպավորված եմ: Նման պրակտիկան պետք է տարածել նաեւ Բրյուսելում»,- հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով Բելգիայի հայերը կարեւոր կապող օղակ են երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Բելգիան ճանաչում է Հայոց ցեղասպանության մասին հիշողության կարեւորությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Այս շաբաթ Բելգիան, որպես ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկիր, աջակցել է Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հավելել է Ռեյդերսը: