Լիբանանում հրապարակվող հայկական «Ազդակ» թերթը սեփական վերլուծությամբ է հանդես եկել The Washington Times-ում օրերս հրապարակված հոդվածի կապակցությամբ: Ըստ այդմ՝ ամերիկյան պարբերականի հոդվածի իմաստը կայանում է նրանում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելուց Հայաստանը միայն կշահի, քանի որ Թուրքիան կբացի հարեւանի հետ իր սահմանները, եւ դեպքերի նման զարգացման պարագայում Հայաստանին հնարավորություն կընձեռնվի անկախանալ Ռուսաստանից, որի օգնությամբ էլ հիմա ապրում է Հայաստանը: Հայաստանը կստանա առավելություններ, որոնց արժեքը դժվար է գերագնահատել. Բոլոր կողմերից շրջափակված երկիրը միջերկրածովյան նավահանգիստներով եւ Սեւ ծովով առեւտրային գործունեություն ծավալելու մեծ հնարավորություններ կստանա, եւ առավել քիչ կախվածության մեջ կլինի ռուսական տարանցումից: Բացի այդ, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանի առջեւ մեծ հեռնակրաներ կբացվեն ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու: Հայաստանը կարող է դառնալ էներգակիրների տարանցման մեծ երկիր, ինչպես իր հարեւան Վրաստանը: Թերթը ներկայացնում է նաեւ Կարնեգիի մոսկովյան կենտրոնի վերլուծաբան Մաշա Լիպմանի խոսքերը, որը չի բացառել դեպքերի նման զարգացումը: Ճիշտ է, վերջինս կարծում է, որ այդ գործընացը բավական երկար է տեւելու:
«Ազդակն» իր հերթին ուշադրություն է հրավիրում այն գնի վրա, որ ստիպված է լինելու վճարել Հայաստանը բոլոր այդ առավելությունների դիմաց: Թերթը հատուկ ուշադրություն է դարձնում հոդվածի կենտրոնական մտքի վրա, ըստ որի՝ հոդվածի հեղինակն ակնարկում է Ցեղասպանության ուրացման՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների լավացման միջոց: Ավելին, ըստ հոդվածագրի՝ հայոց ցեղասպանությունը հարաբերությունների բարելավման միակ խոչընդոտն է: «Ազդակն» ավելացնում է. «Ավելի բացենք փակագծերը: Ամերիկյան թերթի եւ վերլուծաբան Մաշա Լիպմանի դատողություններում երկակի կերպով նշմարվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, տվյալ դեպքում հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ: Օրակարգում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում զրոյի հավասարեցնելը, իսկ դրա միջոցը՝ հայ-թուրքական հարաբերություններ են, գործիքները՝ Հայաստանն ու Թուրքիան, գայթակղությունը՝ առեւտուր, տնտեսական բարգավաճում եւ այլն: Այդ ամենը կյանքի կոչելու նախապայմանը հայ-թուրքական մերձեցումն է, բայց վերդառնանաք այն գնին, որ պետք է վճարել: Քաղաքական միակողմանիությունն այստեղ ակնհայտ է անզեն աչքով անգամ՝ հրաժարվեք ցեղասպանությունից եւ կունենաք Սեւ եւ Միջերկրական ծով: Կունենաք առեւտուր, կդառնաք էներգակիրների տարանցիկ երկիր: Մի խոսքով, Washington Times-ում հրապարակված հոդվածը մատնացուցյ է անում, որ հայ-թուքրական տաքացման ենթատեքստը խաղաքարտն է, որ խաղարկվում է գերտերությունների կողմից»:




























